Բյուզանդա-վրացական պատերազմ
Բյուզանդա-վրացական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Բյուզանդական կայսրություն | Վրաց թագավորություն Բագրատունիների թագավորություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Բարսեղ Բ Բուլղարասպան[1] | Գիորգի I[1][2] Հովհաննես-Սմբատ |
Բյուզանդա-վրացական պատերազմ (վրաց.՝ ბიზანტიურ-ქართული ომები, հուն․՝ Η Βυζαντινή-γεωργιανό πόλεμο), ռազմական հակամարտություն Բյուզանդական կայսրության և Վրաց թագավորության միջև[3][4]։ Պատերազմի ընթացքում, որպես վրացական կողմի դաշնակից ռազմական գործողությունների մեջ է ներգրավվել նաև Բագրատունյաց հայոց թագավորությունը։
Ընդհանուր առմամբ բյուզանդա-վրացական պատերազմը իրենից ներկայացնում է 11-րդ դարի մի շարք սահմանային վեճեր, որոնք ծավալվել են Բյուզանդիայի, Վրաց թագավորության և Անիի Բագրատունյաց թագավորության միջպետական սահմանների շրջակայքում[4]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ բյուզանդացիները գրավեցին հայկական Կարին և Տարոն քաղաքները, հայազգի զորավար և մագիստրոս Վարդաս Սկլերոսը խոշոր ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բուլղարասպանի դեմ։
Ապստամբությունը վերաճում է համամերձավորարևելյան շարժման, որի ընթացքում Վարդասը և իր հետնորդները տիրանում են Խարբերդին, դաշինք կնքում Ամիդ (Ներկայում՝ Դիարբեքիր) և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կոստանդնուպոլիս՝ կայսրության մայրաքաղաք։ Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը, սակայն Փոկասին ևս չի հաջողվում ճնշել ապստամբությունը։
Հույն կայսրը ստիպված օգնություն է խնդրում Տայքի կյուրոպաղատ Դավթից։ Դավիթ Կյուրոպաղատը Բյուզանդիային տրամադրում է 12 000 հոգուց բաղկացած բանակ՝ Թոռնիկե և Ջոջիկա զորավարների գլխավորությամբ։
Դավթի բանակը Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին. ապստամբությունը պսակվում է անհաջողությամբ։
Ի երախտագիտություն ապստաբության ճնշման մասնակցության՝ Դավիթ Կյուրոպաղատը Բյուզանդիայի կայսրից ստանում է Տայքը, ինչպես նաև մի շարք գրավված հայկական հողեր, որոնք ընկած էին Վանա լճից հյուսիս։ Մասնավորապես վրացի թագավորին հանձնվեց Թեոդոսիոպոլի նահանգը (հայկական աղբյուրներում այն կոչվում է Կարին, իսկ ներկայումս՝ Էրզրում), Տուրուբերան նահանգի կազմում գտնվող Ապահունիք գավառը և Մանազկերտ քաղաքը։
Դավիթ թագավորի մահից հետո այս հողերը պետք է վերադարձվեին բյուզանդացիներին։ Այս պայմանը ձեռնտու էր Դավթին, քանի որ իր կառավարման վերջին տարիներին այս հողերը նա կարող էր կտակել իր մանկահասակ որդուն՝ Բագրատին, ով էլ հնարավորություն կունենար շարունակելու իր իշխանությունն այս տարածքներում։
987 թվականին բյուզանդական հրամանատար Վարդա Փոկասը ընդվզում է Բարսեղ Բուլղարասպան կայսեր դեմ և իրեն հռչակում կայսր։ Դավիթ Կյուրոպաղատը օգնություն է տրամադրում ապստամբներին, այն պահանջով, որ հաղթանակի դեպքում վրացիները կունենային բացարձակ գերիշխանություն կայսեր կողմից Դավթին հանձնված տարածքներում։
Աբիդոսի մոտ մարտի ընթացքում Վարդաս Փոկասը հանկարծակի վախճանվել է։ Հետագայում պարզվում է, որ նրան թունավորել էր Բարսեղ կայսեր կողմից կաշառված մեկը։ Ապստամբության ճնշումից հետո Բարսեղ կայսրը իր զորքերը հանում է Փոկասի զինակցի՝ Դավիթ Կյուրոպաղատի դեմ։ Տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում պահել թագավորությունը, Դավիթը իր բոլոր հողերը կտակում է Բյուզանդիայի կայսրին։
Հաջորդ տարում Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Բ-ն փորձեց վերականգնել Դավթի ժառանգությունը։ Գլխավոր խոչընդոտն Անտիոքի դքսությունն էր, որը զավթել էր այդ տարածքները և դարձրել իր պետության մաս։
1008 թվականին Բագրատ III-ը դարձավ միասնական և անկախ Վրաստանի առաջին թագավոր։ Նա միավորել է վրացական գրեթե բոլոր տարածքները մեկ պետության մեջ՝ Բագրատիոնիների վերահսկողության ներքո։ Զինակցել է հայոց շահնշահ Գագիկ Ա-ին (990-1020)։ Նրան հաջորդում է Գիորգի I-ը։
Պատերազմի սկիզբ և ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդա-բուլղարական պատերազմների հետևանքներ և պատերազմի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1014 թվականին Գիորգի I-ի զորքերը ներխուժում և ռազմակալում են Տայքի կյուրոպաղատությունը։ Այս շրջանում Վասիլ II-ը զբաղված էր Արևմտաբուլղարական թագավորության դեմ մղված մարտերով և իր գրեթե ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Բալկանյան թերակղզում։
Այս ընթացքում Բյուզանդիայի կառավարությունը փորձել է կասեցնել վրացական ռազմախուժումը, սակայն չի ստացվել։ Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո 1018 թվականին Վասիլ II-ը վերացնում է Բուլղարական պետությունը և երկիրը վերածում է բյուզանդական նահանգի։
Դրանից հետո 15,000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստանում է «բուլղարասպան» մականունը։
Արևմուտքում իր հարցերը լուծելուց հետո Բյուզանդիայի կայսրը իր ուշադրությունը կենտրոնացրեց վրացական պետության վրա։ Նույն թվականին Բարսեղը պատրաստվեց հակավրացական արշավանքի։ Նա հրամայեց իր մարտիկներին գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարինի բերդը։
1021 թվականին Բարսեղը մեծ բանակ մտցրեց վրացական պետության, ինչպես նաև նրա դաշնակից հանդիսացող Բագրատունյաց Հայաստանի տարածք։ Չկարողանալով դիմադրել՝ Գիորգի I-ը հրամայում է այրել Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին գտնվող Օլթի քաղաքը՝ թշնամու ձեռքից ազատելու համար։
Պատերազմի ընթացք և ավարտ, իրավիճակի սրումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիորգի I-ը դիմում է փախուստի դեպի Հյուսիսային Վրաստան։ Բյուզանդացիները գրավում են Վրաց թագավորության տարածքները՝ ավերելով իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Հետաքրքրական է այն, որ Տրապիզոնի գրավումից հետո Բարսեղ կայսրը գտնում է իր ձմեռային բնակարանը և օթևանում այնտեղ։
Բանակցությունների փորձերը ոչ մի կերպ չէին հանգեցնի խաղաղության։ Առավել դժվար էր իրադրությունը Վրաստանի հարավային հարևանի՝ Բագրատունյաց Հայաստանի մոտ։
Հովհաննես-Սմբատ Բագրատունին համարվում էր Գիրոգի I-ի գլխավոր ռազմական գործընկերը և զինակիցը։ Պատերազմի շրջանում Հայաստանը օժանդակում էր վրացական զորքին։ Սա իր հերթին առաջացնում է Բյուզանդիայի կառավարության զայրույթին և թշնամական վերաբերմունքին։ Բյուզանդիան սկսում է օժանդակել ենթակա թագավորություններին, մասնավորապես՝ Վասպուրականի թագավորությանը։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում հայոց թագավորի ըմբոստ եղբայրը՝ Աշոտ Քաջը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II-ին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես-Սմբատի։
Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես-Սմբատը Բարսեղ II-ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022 թվականի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես-Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II-ին։
Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես-Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի հույն ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։
Ստանալով կախեթցիների զորավիգությունը՝ վրաց արքան կարողանում է պատերազմի ելքը թեքել հօգուտ իր շահերի։ 1022 թվականին Սվինդախ բնակավայրի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ վրացիները կարողանում են լիակատար հաղթանակ տանել։
Դրան հաջորդում է այն, որ վրացական ուժերն ազատագրում են Տայքը և մյուս հողերը։ 1023 թվականին Գիորգի I-ը և Բարսեղ II-ը կնքում են հաշտության պայմանագիր, որի համաձայն Բյուզանդիան ընդունում է Վրաց թագավորության տարածքային ամբողջականությունը։
Պատերազմից հետո Գիորգին նվաճված հողերը միավորում է և կտակում իր իրավահաջորդին՝ Բագրատին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Иоанн Антиохийский. История // Розен В. Р., Император Василий Болгаробойца, СПб, 1883 год
- ↑ Ломоури Н., Грузинская советская энциклопедия, том 9, с. 171—172, Тб., 1985 год
- ↑ История Грузии, об. 1 Тб, 2008.
- ↑ 4,0 4,1 Копалиани Е. Византийские политические отношения с Грузией в 970—1070 годах, Тб., 1969 год